ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԱՋԵԹՆԵՐԻ ՄԵՋ Ինչպե՞ս փրկել երեխային գաջեթային գերությունից
- Christine Arzumanyan
- Oct 9
- 3 min read
Երեխային իր սմարթ «ընկերոջից» բաժանելը հեշտ գործ չէ։ Ավելին՝ անիմաստ գործ է․ ճիշտ ուղղորդման դեպքում այդ «ընկերությունը» կարող է լավ պտուղներ տալ։ Մի՛ մտահոգվեք, եթե դեռ չեք կարողանում օգնել նրան գտնել բալանս օֆլայնի և օնլայնի միջև։ Հիշեք, որ ի տարբերություն ձեզ՝ նրա կյանքում սմարթֆոններն ու համակարգիչները միշտ են եղել։
Բայց հիմա իրական կյանք վերադառնալու ժամանակն է։ Կա «ճանապարհային քարտեզ», որով անցնելու դեպքում կկրճատեք սմարթֆոնի հետ անցկացրած ժամանակը։

4–5 տարեկան երեխաների 90 %-ն օգտվում է ինտերնետից։ Ընդ որում՝ նրանց կեսից ավելին կարողանում է մուտք գործել օնլայն իրականություն առանց մեծահասակների օգնության։ Դուք հաստատ ունեք ծանոթ, ով պատմում է, թե ինչպես է երեխան ինքնուրույն վերցնում սմարթֆոնը և միացնում սիրելի մուլտֆիլմը։ Հնարավոր է նաև, որ այդ ծանոթը հենց դուք եք։ 6–8 տարեկանների շրջանում 90 % ցուցանիշը բարձրանում է մինչև 97 %, իսկ 9–11 տարեկանների մոտ՝ 99 %։
Համացանցից օգտվելու համար երեխաները առավել հաճախ օգտագործում են սմարթֆոնը։ Բացառություն են կազմում 4–5 տարեկանները։ Բայց նույնիսկ այս տարիքային խմբում սմարթֆոն ունի յուրաքանչյուր երրորդ երեխան։6–8 տարեկանների շրջանում սմարթֆոն ունի 69 %-ը, 9–13 տարեկանների՝ 88 %, 14–17 տարեկանների՝ 92 %։
Համացանցում փոքրիկների ակտիվությունը սկսվում է ավելի ուշ, քան տեսանյութեր դիտելն է։ Ամսական գոնե մեկ անգամ համացանցից օգտվում է 4–8 տարեկանների միայն 53 %-ը։ Ամենօրյա կտրվածքով օգտվում է 19 %-ը։ Շատ է սա, թե քիչ՝ դուք որոշեք։ 9–13 տարեկանների շրջանում ցուցանիշներն, իհարկե, զգալիորեն բարձր են։ Ամեն ամիս համացանցից օգտվում է նրանց 94 %-ը, ամենօրյա կտրվածքով՝ 65 %։
14–17 տարեկանների մոտ այս թվերը հասնում են 98 %-ի և 85 %-ի։Հետաքրքիր է, որ 9–17 տարեկան աղջիկներն ավելի հաճախ են օգտվում համացանցից, քան նույն տարիքի տղաները։
ԳԾԵՔ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Կարևոր լայֆհաքեր՝ իրական արդյունքի համար։
1․ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԲԱՑ ԽՈՍԵՔ
Լսեք, թե ինչ է կարծում կամ ինչ գիտի գաջեթների օգտագործման կանոնների մասին։ Բացատրեք, թե ինչու են կարևոր սահմանափակումները։ Միասին փնտրեք լուծումներ, որոնք դուր կգան երկու կողմին էլ։ Կարճ ասած՝ լսեք հակառակ կողմին, բանակցեք ու գտեք կոմպրոմիսներ։ Դուք կասեք՝ հասկացանք, բայց ինչի՞ց սկսենք խոսակցությունը։ Սկսեք սեփական օրինակից։ Պատմեք, թե ինչ խնդիրների եք բախվել գաջեթների օգտագործման սահմանափակման արդյունքում, ինչ տիպի վախեր ու անհանգստություններ են առաջացել ձեզ մոտ։ Հարցրեք երեխային՝ արդյո՞ք ինքն էլ է նման խնդիրների բախվում։ Խոսեք նրա հետ հավասարը հավասարի պես․ կիսվեք մտքերով, և պատասխանը չի ուշանա։
2․ ՄԻԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԵՔ ՆՊԱՏԱԿՆԵՐԳիտե՞ք, թե որքան ժամանակ է ծախսում ձեր երեխան սմարթֆոնի վրա։ «Բանակցություններից առաջ» զինվեք փաստերով ու թվերով՝ հասկացեք խնդրի լրջությունը։ Սմարթֆոնի ինֆորմացիայից գտեք՝ որքան ժամանակ է երեխան ծախսում գաջեթի վրա։ Միասին սահմանեք պլան՝ ինչպես պիտի կրճատեք այդ ժամանակը։
Հա, չմոռանանք ասել՝ միայն թե պետք չէ այդ թվերը ներկայացնել երեխային որպես մեղադրանք։ Պարզապես իմացեք դրա մասին։
Սահմանեք հստակ ժամանակ՝ օրինակ 30 րոպե։

3․ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ = ՆՎԵՐ Նույնիսկ փոքր հաջողությունը պետք է ամրապնդել փոքրիկ նվերով։ Օրինակ՝ այս շաբաթ սմարթֆոնը 5 ժամով պակաս ուշադրության է արժանացել։ Դա լավ առիթ է շաբաթ օրը ընտանիքով ժամանց կազմակերպելու համար։
Ի դեպ, դա նաև կօգնի երեխային գնահատել իրական կյանքով ապրելու դրական կողմերը։
4․ «ՀԱՏՈՒԿ» ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ Կան հատուկ հավելվածներ, որոնք օգնում են վերահսկել սարքերի օգտագործումը։ Ահա մի քանիսը՝ պահպանեք ու կիրառեք․
Menthal – վերլուծում է սովորություններն ու սմարթֆոնի օգտագործումը
Checky – հաշվում է, թե քանի անգամ եք ստուգել հեռախոսը
Forest – մոտիվացնում է ձեզ մնալ կենտրոնացած գործերի վրա՝ «աճեցնելով» վիրտուալ ծառ
AppBlock – ժամանակավորապես արգելափակում է ընտրված հավելվածները
YourHour – խորհուրդներ է տալիս, թե ինչպես կրճատել համացանցում անցկացրած ժամանակը
Կան նաև ժամանակը սահմանող հավելվածներ, երբ ժամանակն ավարտվելուց հետո բոլոր հավելվածները փակվում են ավտոմատ և ակտիվանում են միայն հաջորդ օրը։
5․ ԿՐՃԱՏԵՔ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ Ախ, այդ գայթակղիչ ծանուցումները... Ամեն անգամ ստիպում են շեղվել։ Մի վայրկյանով ծանուցումը ստուգելը վերածվում է մեկ ժամանոց scrolling-ի։ Եթե մենք ենք դժվարությամբ դիմանում, երեխան ինչպե՞ս դիմանա։ Ամենալավ տարբերակը՝ ոչ կարևոր ծանուցումներն անջատելն է։
Վայ, մի վայրկյան… ծանուցում եկավ։ Հիմա արագ ստուգենք ու անցնենք հաջորդ խորհուրդին։
6․ ՄԻ ՐՈՊԵ, ԲԱ ԳՐԱՖԻ՞ԿԸ
Դուք երեխային ասում եք՝ «հերիք է, ամբողջ օրն այդ հեռախոսի մեջ մտնես», բայց չեք առաջարկում այլընտրանք։ Փոխարենն ի՞նչ անի։Կազմեք օրվա գրաֆիկ, որտեղ տեղ կունենան թե՛ դասերը, թե՛ սմարթֆոնը, թե՛ հանգիստն ու ժամանցը։ 20–30 րոպեն մեկ ընմիջում արեք։
Մի մոռացեք նաև ակտիվ ժամանցի՝ զբոսանքի, սպորտի, վազել-ընկնելու մասին։ Հաշվի առեք երեխայի նախասիրությունները։
Պարտադիր քննարկեք նրա հետ օրվա ժամանակացույցը։ Հարցրեք՝ ինչ գործեր է ուզում անել այսօր և որ ժամին կուզի քնել։
7․ ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵՔ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ
Հիշո՞ւմ եք հին ու բարի ժամանակները, երբ ծնողների հետ խաղեր էինք խաղում, երբեմն նույնիսկ շախմատ, շաշկի ու դոմինո։ Մեզ սեփական օրինակով ցույց էին տալիս իրական կյանքը։ Նույնն արեք դուք։ Գուցե դոմինո խաղալ պետք չէ, բայց հաստատ կգտնեք ձեր համատեղ խաղերն ու ժամանցը։
Վերջում մի կարևոր խորհուրդ՝ ֆիլտրեք այն կոնտենտը, որը սպառում է երեխան, և արգելափակեք վտանգավոր կամ անցանկալի բովանդակությամբ կայքերը։
Սեփական օրինակով ցույց տվեք, որ կյանքը միայն գաջեթների մեջ չէ… կամ՝ բոլորովին էլ գաջեթների մեջ չէ։
Իսկ հաջորդիվ գրառումներում կպատմենք, թե ինչ հետևանք է ունենում ռիլերի, շորթերի այդքան մեծածավալ դիտումը երեխայի ուղեղի և առողջության վրա։


Comments